Главная » Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Կրտսեր դպրոցի (1-3-րդ դասարաններ) մաթեմատիկայի ծրագիր

 Մաթեմատիկա առարկայի նպատակներն են` սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական մտածողությունը,  կռահելու կարողությունը, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ:

Ուսումնական գործիքներ

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր, քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում`  էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, մեդիագրադարանի,  դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:

Ուսումնական գործունեության ձևեր

  • Բանավոր համրանք և հաշիվ.
  • Գրավոր աշխատանք (տվյալների գրանցում).
  • Խնդիրների կազմում և լուծում.
  • Դիտարկումներ, չափումներ, արդյունքների գրանցում:

 Առաջին դասարան  

 Խնդիրներն են՝

  • Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը.
  • Ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, գումարման և հանման գործողություններ կատարել.
  • Թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս.
  • Գաղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին.
  • Սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից:

 Թեմաներ

  • Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ).
  • Առարկաների միջև առնչություններ (մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն).
  • Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի.
  • Առարկաների կամ պատկերների հավաքածուների (խմբերի) կազմում ըստ ընդհանուր հատկության.
  • Հավաքածուից մասի անջատում.
  • Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով (նույնքան, շատ, քիչ).
  • Երկրաչափական պարզագույն պատկերներ (քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան, կոն).
  • Տարածական-ժամանակային առնչություններ (սկզբում-հետո, շուտ-ուշ)

Առաջին տասնյակ

Միանիշ թվերը և թվանշանները:

O թիվը և թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:

Թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը:

10-ի սահմանում գումարում և հանում:

Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը:

Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ:

Երկրորդ տասնյակ

Տասնյակ և միավոր:

Հաշվում տասնյակներով:

Երկրորդ տասնյակի թվերի գրառումը և  համեմատումը:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը:
Զույգ և կենտ թվեր:

Խնդիրներ

Պարզ խնդիրների կազմում և լուծում:

Տրամաբանական խնդիրներ:

 Երկրորդ դասարան  

Խնդիրներ՝

  • Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը.
  • Կատարել գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում.
  • Գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին.
  • Շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ:
  • Ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ.
  • Ձևավորել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:

Թեմաներ՝

Երկնիշ թվեր

Տասնավորներ և միավորներ: Երկնիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

Երկնիշ թվերի գրառումը, համեմատումը, կլորացումը մինչև մոտակա տասնյակը։

Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:

Գումարման գործողության հատկությունները:

Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով:

Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:

Խնդիրների կազմում և լուծում: Հայտնի և անհայտ տվյալներ:

 Եռանիշ թվեր

Հաշվում հարյուրյակներով:

Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:

Եռանիշ թվերի համեմատումը, ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:

Խնդիրների լուծում: Գծապատկերների, աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:

Բազմապատկում և բաժանում

Բազմապատկման գործողությունը։

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական հատկությունները:

Բաժանման գործողության իմաստը:

10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:

Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:

Թվային արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:

Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:

 Մեծություններ

Երկարություն: Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:

Զանգված. կշեռք, կիլոգրամ, գրամ:

Ժամանակ. ժամացույց:

Դրամ: Ջերմաչափ: Ջերմաստիճանի որոշում:

Մեծությունների հատկություններ:

Երրորդ դասարան

 Խնդիրներ՝

  • Ուսումնասիրել բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ցույց տալ կիրառության օրինակներ.
  • Շարունակել ծանոթացումը երկրաչափական պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, տվյալների, դրանց ստացման և մշակման մասին.
  • Զարգացնել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ.
  • Զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն.
  • Զարգացնել ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն:

 Թեմաներ

 Բազմանիշ թվեր:

Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:

Բազմանիշ թվերի գումարումը և հանումը:

Գումարման և հանման գործողությունների հատկությունները:

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ, երկնիշ, եռանիշ  թվով:

Բազմապատկում 10-ով, 100-ով, 1000-ով և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի:

Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի վրա:

Բազմապատկման, բաժանման գործողությունների հատկությունները:

 Երկրաչափական պատկերներ:

Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը:

Համաչափություն ուղղի և կետի նկատմամբ:

Շրջան: Շրջանագիծ: Բեկյալ:

Պարագիծ: Մակերես:

Մեծություններ

Երկարության միավորների միջև կապերը:

Զանգվածի միավորների միջև եղած կապերը:

Ապրանքի գին-քանակություն-արժեք փոխկապակցվածությունը:

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բլոգ