Главная » Մայրենի

Մայրենի

Մայրենի լեզու (1-3-րդ դասարաններ) առարկայի ծրագիր
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն:

Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
  • կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
  • զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ,  ֆոտոշարքով ներկայացնելու:

  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում`  էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի,  դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:

Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:

Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`

Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:

Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:

Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:

Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:

Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:

Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
  • Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պատճառաբանել սեփական կարծիքը.
  • Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
  • Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
  • Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին: Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
  • Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:

Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝

  • Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը գտնել.
  • 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել).
  • Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել.
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Հատուկ անունները գրել մեծատառով:

Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են: Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:

Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև գրավոր`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ.
  • Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
  • Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը հիմնավորել.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պաշտպանել սեփական կարծիքը.
  • Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
  • Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
  • Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:

Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`

  • Կարդալ և հասկանալ տեքստը.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել.
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին, որին ինքը մասնակցել է.
  • Նամակներ գրել.
  • Հրավիրատոմսեր պատրաստել.
  • Շնորհավորանքներ գրել.
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձևակերպել, գրանցել. հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը/.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Օժանդակ բայերը ճիշտ գրել / ներկա ժամանակ/.
  • Հատուկ անունները գրել մեծատառով.
  • Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններ` դառնալով ավելի գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել, ներկայացնել նախասիրությունները…)
  • Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել.
  • Պատմել բնության երևույթների մասին, դրանք նկարագրել.
  • Բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը, ինքնուրույն կարճ հարցազրույց վարել անհրաժեշտ թեմայով.
  • Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը.
  • Հորինել և գրել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների կիրառում).
  • Կարդալ առաջադրանքը, հասկանալ և կատարել.
  • Կարդալ է 6-7 նախադասությամբ տեքստը և հասկանալ.
  • Գտնել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների.
  • Կազմել բարդ և ածանցավոր բառեր.
  • 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել.
  • Ելնելով սեփական կենսափորձից` դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.
  • Ինֆորմացիա հաղորդել հասու բոլոր միջոցներով.
  • Ինֆորմացիա հավաքել և գրանցել.
  • 2-3 նախադասությամբ գրավոր լրատվություն պատրաստել դասարանական, դպրոցական իրադարձության մասին.
  • Շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, 3-4 նախադասությունից կազմված ( նաև էլեկտրոնային) նամակներ գրել:

Երրորդ դասարանի աշակերտը պիտի կարողանա՝

  • Բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը.
  • Կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը.
  • Գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը.
  • Մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և պատճառաբանել իր կարծիքը.
  • Գրածը խմբագրելու առաջին փորձերն անել` ավելորդ բառերը հանել, շտկել սխալ կազմված անհարթ նախադասությունը.
  • Հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է դասագրքում.
  • Տրված թեմաներով ստեղծագործական և նկարագրական շարադրություններ գրել:
  • Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից` (ինտերնետ, բառարան, գրքեր, լրատվամիջոցներ) տեղեկատվական նյութ ստեղծել կատարված իրադարձության, դեպքի, միջոցառման, ուսճամփորդության մասին.
  • Հարցաշար կազմել և հարցազրույց վարել :
  • Տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ լավատեղյակ մեկի… անունից).
  • Թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց.
  • Ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը, դարձվածքները, առածները և այլն.
  • Մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը, բառակապակցություններն ու դարձվածքները.

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բլոգ